Մի գիժ մուկ վախից փախչում է մառան, ելնում նստում գինու կարասի պռնկին, հոտ է քաշում թե չէ, քեֆը լավանում է, ընկնում է ուղիղ գինու մեջ։ Խեղճ մուկը, խեղտվելով, աղաչում է աստծուն․

-Աստվա՛ծ ջան, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր ինձ։ Հիմա ես էս կարասի մեջ պիտի խեղտվե՞մ։ Ուրեմն ես մի կատվի բաժին էլ չարժե՞մ։ Լավ չէ՞ր կատուն ինձ ուտեր, քան թե անտեղի կորչեի էս կարասի մեջ։

Էդ ասելն էր, որտեղից-որտեղ մի չալ կատու է հայտնվում ու կարասի պռնկից ձայն տալիս․

-Հիմա որ քեզ կարասից հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ։

-Ո՞ւր է, է՜։ Էդպիսի մի լավություն արա, քո լավության տակից դուրս կգամ։

Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում է մի կողմ, որ մի քիչ չորանա։

Մուկ դու մուկ, պո՜ւկ,  փախչում է մտնում ծակը։ Կատուն վիզը ծռում է, նայում է, նայում ու ասում․

-Բա ի՞նչ եղավ մեր  սուրբ պայմանը։

-Դու էլ բան ասիր, Խմած ժամանակ մի բան էր ասինք, կրակն ընկա՞նք։

 

Պռունկ- եզր, ծայր, շուրթ, բերան