Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ։ Նրանք շատ մտերիմ
էին։
Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև շատ էին սիրում
հյուր ընդունել։
Այդ տանը մի աղջիկ էլ էր ապրում։ Մի անգամ նա վագրին ու ձիուն հարցրեց.
— Ինչպե՞ս եք գորգի տակ տեղավորվում։
— Շատ պարզ, ախր մենք երևակայական ենք, — պատասխանեցին նրանք։
— Ես երևակայական վագր եմ։
— Իսկ ես՝ երևակայական ձի։
— Որտե՞ղ է քո խոտը, — ձիուն հարցրեց աղջիկը։
— Գորգի տակ, — պատասխանեց ձին։ — Չէ՞
որ խոտն էլ է երևակայական։
— Քո կերակուր-ոսկորնե՞րն էլ են գորգի
տակ, — հարցրեց աղջիկը վագրին։
— Ոսկորնե՞րը։ Իհարկե, — պատասխանեց
վագրը ու լիզեց շրթունքները։
Հետո թաքնվեց գորգի տակ։ Ձին էլ հետևեց
նրան։ Աղջիկը մնաց մենակ։
Նա մի թուղթ վերցրեց, վրան մի քանի
կտոր շաքար նկարեց ու դրեց գորգի տակ։
Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ «խըրթ–
29
խըրթ»։ Ձին էր, որ հաճույքով ուտում էր շաքարը։
Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Բա վագրերն ի՞նչ են սիրում» ու դրեց գորգի
տակ։
Գորգի տակից շշուկներ լսվեցին, հետո դուրս ցցվեց ձիու գլուխը։
— Հաց ու խոտ, — ասաց նա։
Աղջիկը չհավատաց։
— Ա՛յ դու անպիտան ձի, — ասաց աղջիկը։– Հաց ու խոտ սիրում են ոչ թե վագրերը,
այլ ձիերը։ Գնա հարցրու վագրին, թե ի՞նչ է ուզում։
Ձին ետ գնաց։ Նրա փոխարեն դուրս եկավ վագրը։
— Զեռքի ժամացույց եմ ուզում, — ասաց նա,– որպեսզի իմանամ, թե ժամը
քանիսն է։
— Լավ, — ասաց աղջիկը։
Նա ձեռքի ժամացույց նկարեց ու տվեց նրան։ Հետո ձիու համար հաց ու խոտ
նկարեց։ Վագրն անհետացավ։ Բայց քիչ անց երկուսով հայտնվեցին։
— Շատ շնորհակալ ենք քեզանից, — ասացին նրանք ու համբուրեցին աղջկան։
— Ուրիշ ի՞նչ եք ուզում, քանի շուտ է, ասեք, — ասաց աղջիկը։ — Արդեն իմ քնելու
ժամանակն է։
— Անձրևանոց ենք ուզում, — ասացին վագրն ու ձին։
— Անձրևանո՞ց, — զարմացավ աղջիկը։ — Ի՞նչ է, գորգի տակ անձրև՞ է գալիս…
Հա՜… Հիշեցի, երևակայական անձրև է։
— Իհարկե, — ասացին նրանք։
Եվ աղջիկը նրանց համար անձրևանոց նկարեց։
— Շնորհակալությո՛ւն, — ասացին վագրն ու ձին։ — Բարի գիշե՛ր։
— Բարի գիշե՛ր, — պատասխանեց աղջիկն ու գնաց քնելու։
Բայց քիչ հետո գլխի ընկավ, որ երևի տխուր բան է, երբ մարդ նոր, գեղեցիկ
անձրևանոց ունի, իսկ անձրև չի գալիս։ Մի մեծ թղթի վրա անձրև նկարեց, հետո
ոտքի թաթերի վրա մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ։
Առավոտյան, երբ աղջիկը հյուրասենյակ մտավ, մինչև ոտքի կոճերը հայտնվեց
ջրի մեջ, իսկ վագրն ու ձին նստել էին բաց անձրևանոցի մեջ ու լողում էին՝ ասես
նավակում լինեին։
«Երևի հորդ անձրև եմ նկարել», — մտածեց աղջիկը։
Նախաճաշից հետո նա դարձյալ հյուրասենյակ մտավ։ Մայրիկը մինչ այդ ավլել
էր գորգը։ Ոչինչ չէր մնացել՝ ո՛չ ջուր, ո՛չ անձրևանոց, ո՛չ վագր, ո՛չ ձի։
Նա վերցրեց նկարչական տետրը և խոր քուն մտած վագր ու ձի նկարեց։ Քիչ
անց մայրիկը գնաց։ Իսկ աղջիկը դեռ նստել ու նայում էր բուխարիկի կրակին։
Հյուրասենյակում լռություն էր։ Եվ այդ լռության մեջ միայն բարձր խռմփոց էր
լսվում։