Ասում են` Հայոց լեռները վաղ  ժամանակներում հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Հսկա եղբայրներն ունեցել են մի անխախտ սովորություն: Ամեն առավոտ, հեն որ զարթնում էին քնից, նախ կապում էին իրենց գոտիները, հետո դրանք ձգում էին: Դրանից հետո միայն նրանք ողջագուրվում էին, բարևում ու ողջունում իրար և բարի օր մաղթում իրար:

Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց սովորույթով. գոհ էին իրարից, երջանիկ էին ու համերաշխ:

Բայց անցնում են դարեր: Նրանք ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ: Օրերից մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության` իրար բարևում են` առանց գոտիները կապելու:

Աստված մտածում է, որ ավելի լավ կլինի, որ նրանք քարանան և անշարժ լեռներ դառնան… չէ՞ որ եղբայրներն արդեն ծուլանում էին և չէին ուզում ավելորդ շարժումներ անել: Ծերացած եղբայրներին Աստված քարացնում, լեռներ է դարձնում` նրանց հանձնարարելով փակել և դժվարացնել դեպի Հայոց երկիր եկող ոսոխների ճանապարհը:

Եղբայրները լեռներ են դառնում, նրանց զմրուխտե գոտիները` կանաչ դաշտեր, իսկ արցունքներն էլ` սառնորակ ու անմահական ջրերով աղբյուրներ: Դա պատիժ չէր, այլ պատիվ էր եղբայրների համար: