Վախից երկու շաբաթ դպրոց չգնացի։
Տավար էի արածեցնում։ Դրանից բան դուրս
չեկավ, ստիպված վերադարձա դպրոց։
Հայրս ինձ հանձնում է տեսուչին ու գնում։
Ես ինձ անհարմար կացության մեջ եմ զգում.
ամաչում եմ, կարմրում և չեմ համարձակվում ո՛չ տեսուչի երեսին նայել, ո՛չ էլ՝
աշակերտների։ Ամաչում եմ՝ հիշելով արածս
ու տեսնելով, թե ինչ հետաքրքրությամբ են
շրջապատել ինձ։
— Դե՛, գնա տեղդ նստիր և խելոք կաց,-
ասում է տեսուչը՝ ձեռքը մեղմաբար մեջքիս
խփելով։ Ես այդ վերաբերմունքից խրախուսված, գնում եմ ներս ու նստում առաջվա
տեղս, ուր նստած է Եվան։ Նստելիս ես նրան
բարևում եմ գլխով. թաքուն ահ կա սրտումս,
հանկարծ իմացած լինի իմ արած
անկարգության ու տավարածության մասին
ու չուզենա կողքս նստել։ Բայց նա ժպտում է
այտերը փոս գցելով ու սպիտակ ձեռքը մեկնում ինձ.
— Բարև, Մինասյան։ Ինչո՞ւ չէիր գալիս,- ասում է նա մեղմորեն։- Մենք այնքա՜ն դաս ենք
սովորել…
Ես ու Եվան միշտ նստում ենք առաջին նստարանին, իսկ մեզնից հետո գալիս են
Մելիտեն ու Սեդրակը՝ դերձակ Ավագի տղան, որ բոլորին կսմթում է, գրքերը վերցնում՝
պահում, ուսուցիչներին բավական գլխացավանք պատճառում։ Դաս չիմացող
աշակերտներին հուշում և պահանջում, որ իրեն ևս հուշեն։ Երբեմն, կատակի համար,
սխալ բաներ է հուշում ու փորձանքի մեջ գցում երեխաներին։ Իսկ երբ ուսուցիչը
նկատողություն է անում սխալվող աշակերտին այդ սխալի համար, Սեդրակը ծիծաղում է։
Բայց մի անգամ նա բռնվեց. սխալվող տղան հայտնեց ուսուցչին, թե այդ սխալը Սեդրակն
հուշեց։ Ուսուցիչն անմիջապես կանչեց Սեդրակին ու կանգնացրեց գրատախտակի մոտ։
82
— Դե՛, հիմա հուշիր…
Կարծում եք, Սեդրակն ընկճվե՞ց։ Բնա՜վ։ Ուսուցչի թիկունքից լեզուն հանում է,
ծամածռություններ անում, դաս պատասխանող աշակերտին կա՛մ հավանություն է տալիս
գլխով, թե՝ ճիշտ է, կա՛մ գլուխը տարուբերում է բացասաբար։ Մի ուրիշ անգամ հայոց
լեզվի դասին ուսուցիչը նրան անկարգության համար դուրս է անում, Սեդրակը
պատուհանից ներս է մտնում ու շարունակում ծիծաղեցնել աշակերտներին։ Ուսուցիչը
նկատում է նրան ու գոռում զայրացած.
— Դո՛ւրս, անիրա՛վ, որտեղից եկել ես, այնտեղ էլ գնա…
Սեդրակը բարձանում է լուսամուտին՝ դուրս ցատկելու։
— Ո՞ւր, անիրա՛վ,- կանչում է ուսուցիչը։
— Դուք ասացիք՝ որտեղից եկել ես, այնտեղ գնա, ես այստեղից եմ եկել,- պատասխանում
է Սեդրակը ու թռչում բակ։ Ուսուցիչը օրորում է գլուխը, որ նշանակում է, թե սրանից մարդ
դուրս չի գա։
Դասերից հետո մենք շարունակում ենք ընկերություն անել։ Հաճախ երեկոները
հավաքվում, նստում ենք առանձին մի տեղ՝ աստղերի տակ, ու երկա՜ր զրուցում։ Երկինք
ու երկիր խառնում ենք իրար։ Աստղերը բաժանում ենք միմյանց մեջ, ուզում ենք իմանալ,
թե ի՞նչ է արևը, ի՞նչ է լուսինը, ինչի՞ց են շինված և ո՞վ է կարգադրում արդյոք գիշերվա ու
ցերեկվա գործերը… Այնպես ենք ուզում ամեն ինչ իմանալ, ամեն բան պարզել։

 

տեսուչ — այստեղ՝ ուսումնական հաստատության վարիչ
ընկճվել — այստեղ՝ խեղճանա