Երբեք մի լողացիր միայնակ անծանոթ տեղում: Ասենք, ծանոթ վայրում ևս: Եվ երբեք մենակ լող մի տուր ափից հեռու. միայն այն ընկերների հետ, որոնք քեզանից վատ չեն լողանում: Մի՞թե քիչ բաներ են պատահում… բացի այդ էլ տխուր է մենակ, ճիշտ չէ՞: Իսկ ընդհանրապես հիշիր, որ ամենից անվտանգ է լողալ այն ջրատարածքում, որը մեկուսացված է խարսխավոր լողաններով: Հավատա, դրանք հենց այնպես չեն տեղակայվում:

Սառը ջրի մեջ մտիր դանդաղ, հատկապես, եթե այս սեզոնում դա քո առաջին լողալն է: Այլապես կարող է ջղաձգվել ոտքդ կամ էլ գլխապտույտ ունենաս:
Սուզալող մի տուր և զառիվայրից ջրի մեջ մի թռիր, եթե վստահ չես, որ հատակը մաքուր է: Նախ լող տուր, իսկ ավելի լավ է` տեղի երեխաներից իմացիր, արդյոք ջրի տակ չկան թաղված գերաններ կամ ամրաններ, երկաթի ժանգոտած կտորներ, որոնցից կարելի է վիրավորվել:

Մի լողացիր այն լճում, ջրամբարում, որտեղ լողում են մոտորանավակներ: Կամ գոնե դրանցից հեռու մնա: Նավակի ալիքը կարող է քեզ գլխով մեկ ծածկել. խիստ կասկածելի ու ոչ անվտանգ հաճույք: Իսկ եթե դու լողում ես նավակին շատ մոտ` կարող ես ընկնել շարժիչի պտուտակների տակ:

Եթե դու վատ ես լող տալիս, ափից մի հեռացիր: Այնպես որ ցանկացած պահի հնարավոր լինի ոտքերով հպվել հատակին: Եվ քեզանից լավ լողացող ընկերների հորդորներին մի ենթարկվիր: Նրանց համար զվարճանք է, իսկ դու ջուր կուլ տալու ռիսկի ես դիմում: Նոր ես լողալ սովորու՞մ` այդ դեպքում գոտկատեղիցդ խոր մի մտիր:

Հոգնեցի՞ր լողալ` հանգստացիր: Գերլարվածությունից կարող են ջղակծկումներ սկսվել: Մի ձգտիր լողի ռեկորդ սահմանել: Միևնույն է համաշխարհային ռեկորդը չես հաղթի:

Եվ վերջին խորհուրդը. երկար մի լողացեք: Որքան էլ տաք թվա ջուրը, գերսառելն ու հիվանդանալը` պարզից էլ պարզ է: Հենց սկսես ծածկվել «սագի մաշկով», իսկ ատամներդ էլ սկսեն կափկափել, անմիջապես ջրից դուրս եկ: Դրանից հետո ցամքոցով լավ չորացիր, տաքացիր արևի տակ, մի քիչ վազիր, խաղա գնդակով և կրկին լող տուր: